ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի օգոստոսին Վենեսուելայի դեմ պատժամիջոցները քննարկելիս խորհրդականներին հարցրել է՝ ինչու՞ ԱՄՆ-ն չի կարող ուղղակի ներխուժել այդ խնդրահարույց պետություն։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Թրամփի վարչակազմի անանուն աղբյուրներին։
AP-ի տվյալներով՝ հարցը զարմացրել է ներկաներին, մասնավորապես՝ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Հերբերթ Մաքմասթերին։ Նրանք և մյուսները փորձել են բացատրել Թրամփին, թե ինչպիսի ռիսկերի հետ է կապված այդ որոշումը։ Սակայն Թրամփը նրանց հիշեցրել է 1980-ականներին Պանամայում և Գրենադայում նման հաջող գործողությունների մասին:
Նշվում է նաև, որ Վենեսուելա ներխուժելու գաղափարը Թրամփը քննարկել է Կոլումբիայի նախագահ Խուան Սանտոսի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի քանի առաջնորդների հետ։