Հպարտության զգացողություն ունեմ: Այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով փաստին, որ այսօր բանակ է զորակոչվում նաև իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը, ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նախկինում շատ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել, մենք հիմա այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք: Այս պահին չեմ ուզում պաշտոնապես որևէ պնդում անել»: