Ադրբեջանն իր երկրում տեղի ունեցող ցանկացած վատ միջադեպի համար շարունակում է մեղադրել Հայաստանին:
Այս անգամ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը` նախօրեին Գյանջա քաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումն անվանել է պրովոկացիոն քայլ և դրանում մեղադրել արտաքին ուժերին:
«Երկրում կայունության խախտման սադրիչ փորձերը վկայում են, որ Ադրբեջանի զարգացումը և հաջողությունները միջազգային մակարդակով լրջորեն խանգարում են որոշ օտարերկրյա շրջանակների, այդ թվում `Հայաստանին», - հայտարարել Հաջիևը:
Նրա խոսքով` Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթը մտահոգություն է առաջացրել Հայաստանում և այլ արտասահմանյան շրջանակներում:
«Այլ երկրներում ապրող հայրենիքի դավաճանները, ովքեր ողջունում և աջակցում են այդ գործողություններին, պետք է ամոթ զգան: Նրանք, ովքեր այդպիսի քայլերի են դիմում, ադրբեջանցի ժողովրդի կողմից կստանան պատշաճ պատասխան: Մենք կոչ ենք անում մեր երիտասարդներին զգոնություն ցուցաբերել»,- ասել է մամուլի խոսնակը: