Արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան
Վերջին մեկ շաբաթվա համեմատ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:
«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:
«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:
Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ: