Ոսկեպար–Նոյեմբերյան միջպետական ճանապարհը գրեթե անճանաչելի է, արևի տակ պսպղում է հենց նոր լցված ասֆալտբետոնային ծածկույթը։ Աշխատողներն անընդհատ կանգնեցնում են մեքենաները, բայց ոչ երկար։
Ամենակարևոր միջպետական մայրուղիներից մեկի հատվածը վերականգնելու աշխատանքը սկսվել է երկու ամիս առաջ։ Շատերը Հայաստանում կապել են այդ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ։ Լուրեր են պտտվել, որ վարչապետն արագ կարգադրություն է տվել ճանապարհի շինարարության մասին։ Սովորական քաղաքացիների այդ վարկածը նախարարությունում հերքեցին։
«Ճանապարհների շինարարության կամ վերակառուցման մասին հարցը չի լուծվում մի օրում։ Շինարարական աշխատանքները ծրագրվել են դեռ անցյալ տարի», – Sputnik Արմենիային է հայտնել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։
Աշխատանքները սկսվել են միջպետական ճանապարհի երեք առանձին հատվածներում, դրանց ընդհանուր երկարությունը 18,3 կմ է։ Մի տեղում դեռ հիմք են դնում, մյուս հատվածում` վնասված ճանապարհածածկը վերականգնում են սառը վերամշակման օգնությամբ։
Հարթ ճանապարհի համար ամենից շատ ուրախ են ընկերությունների վարորդները, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են կատարում Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։
Այն իրավիճակում, երբ Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման մայրուղու երթևեկությունը սահմանափակ է սողանցքից հետո, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին, Ալավերդու ճանապարհահատվածը վերանորոգվում է, դեպի Վրաստան առավել հարմար ուղին անցնում է հենց Գեղարքունիքի և Տավուշի մարզերով։
«Վրաստան կարելի է գնալ նաև Ապարանի կողմով, բայց ճանապարհը երկարում է այն պատճառով, որ Ալավերդու հատվածը ժամանակավորապես փակ է և պետք է շրջանցել Ստեփանավանով և Օձունով», – ասել է ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Միքայելը։
Այսպես հա՛մ վառելիքի ծախսն է ավելանում, հա՛մ ուղևորների դժգոհությունն աճում։ Ամենից շատ Հայաստանի ճանապարհներից բողոքում էին Վրաստանից եկողները։ Միքայելը կարծում է, որ հիմա նրանք էլ գոհ կլինեն։