Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և հրավիրել նրան Երևան` խորոված ուտելու:
Բացի այդ, նրանք խոսել են Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Դատելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը փոխանցած ձայնագրություններից հեռախոսազրույցները տեղի են ունեցել Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո:
Յունկերի հետ ունեցած հեռախոսազրուցում Վովան ու Լեքսուսը դժգոհել են ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներից: Ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան ասել է, որ «իրենք ստիպված են կրկին ու կրկին բացատրել Թրամփին, թե ինչպիսին է աշխարհի կարգը»:
«Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, և մենք պետք է համոզված լինենք, որ նա աստիճանաբար կսկսի հասկանալ` ինչ է կատարվում Հայաստանում: Լավ է: Ամեն ինչ լավ է, մաղթում եմ հաջողություն»,- ասել է Յունկերը:
Պրանկերները նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին հրավիրել են Երևան և առաջարկել հրապարակում միասին խորոված պատրաստել և ցույց կազմակերպել:
«Վատ չի հնչում, կգամ հաջորդ տարի, այս տարի այլևս հնարավոր չէ, և մենք կհամաձայնեցնենք համապատասխան ժամկետները և հնարավորությունները», - ասել է Յունկերը:
Իր հերթին, Մոգերինին խոսել է Հայաստանի նորընտիր իշխանությունների մասին ` նշելով, որ ուկրաինական սցենարից խուսափելու համար Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի բոլոր կողմերի հետ ոչ թե ընտրություն կատարի մեկ երկրի օգտին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ կողմ է եղել այդ մոտեցմանը:
«Մենք պետք է զգույշ գործենք և խուսափենք այդ ուղղությամբ ցանկացած զարգացումներից: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն իրավունք ունի իր սեփական ընտրությունը կատարելու», - ասել է Մոգերինին: