«Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» ծրագիրը տարեցտարի ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել: Այն օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն քաղաքացիություն ստանալ սեղմ ժամկետներում, այլ նաև տվյալ երկրում պաշտպանել իրենց կապիտալը և նվազեցնել հարկերը: Գումարի դիմաց քաղաքացիություն ստանալու հնարավորություն են ընձեռնում, օրինակ, ԱՄՆ-ն, Կանադան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, Մալթան, Կիպրոսը, Բուլղարիան, Լատվիան, Մոլդովան, Թաիլանդը, Ավստրալիան, Կարիբյան ավազանի երկրները և այլն:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներդրումային ծրագիրը, որն այս կամ այն երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություն է ընձեռում:
Չնայած տարբեր երկրներում ներդրումների համար քաղաքացիություն ստանալու համար կարգը տարբեր է և ունի իր առանձնահատկությունները, այնուամենայնիվ, կան մի քանի սկզբունքներ, որոնք բնորոշ են նման ներդրումային ծրագրեր ունեցող պետությունների մեծամասնությանը: Այսպես, նշված ընթացակարգը վերահսկվում է համապատասխան պետական մարմինների կողմից և իրականացվում է իրավական հիմքերով: Օրենսդրական մակարդակում նախատեսվում է կապիտալի լիարժեք պահպանում և պետական աջակցություն դրա աճին: Ներդրումային նման ծրագրերին կարող է մասնակցել ցանկացած ոք` անկախ ազգությունից և զբաղեցրած պաշտոնից:
Քաղաքացիության դիմաց ներդրումների ամենատարածված տեսակներից է անշարժ գույքի ձեռքբերումը: Ընդ որում, քաղաքացիություն կարելի է ստանալ ինչպես սահմանված կարգով բնակարան գնելու, այնպես էլ վերջինիս երկարաժամկետ վարձակալության դեպքում: Այսպիսի երկրներից է, օրինակ Մալթան, որտեղ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով անշարժ գույքի (բնակարաններ, վիլլաներ և այլն) գնման համար հարկավոր է ներդնել առնվազն 350 հազար եվրո: Թույլատրվում է նաև երկարաժամկետ վարձակալություն 5 տարի ժամկետով, որի վրա ծախսած գումարի չափը պետք է լինի տարեկան 16 հազար եվրո:
Նման ծրագրերի շրջանակներում օտարերկյա քաղաքացիություն ստանալու երկրորդ տարածված միջոցը բիզնես ներդրումներ կատարելն է: Նման հնարավորություն է ընձեռնում, օրինակ, Կիպրոսը, որտեղ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներդնել առնվազն 2 միլիոն եվրո` ստեղծելով քաղաքացիների համար ամենաքիչը 5 աշխատատեղ: Բացի այդ, Կիպրոսը հարուստ ներդրողների և գործարարների համար հնարավորություն է ընձեռում անձնագիր ստանալ պետական արժեթղթեր գնելու միջոցով (500 հազար եվրո պետական պարտատոմսեր, ինչպես նաև 1.5 միլիոն եվրո ներդնելով բիզնես ոլորտում կամ անշարժ գույքի ձեռք բերման դեպքում):
Նշենք, որ այս գործարքի ժամանակ պետությունը հանդես է գալիս որպես երաշխավոր և ներդրողին երաշխավորում է ոչ միայն կապիտալի և ներդրումների անվտանգությունը, այլև բարձր եկամտաբերությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, ներդրողը կարող է դրանք վաճառել ցանկացած ժամանակ`առանց նյութական կորուստներ կրելու:
Օտարերկրյա քաղաքացիություն կարելի է ստանալ նաև միանգամյա բարեգործական նվիրատվություն կատարելու միջոցով, ինչպես օրինակ, Բուլղարիայում: Անհրաժեշտ է պարզապես իրականացնել բանկային ընթացակարգ` կապված ավանդի գումարի փոխանցման հետ և այսպիսով ձեռք բերել քաղաքացիություն:
Հարկ է նաև նշել, որ ներդրումների համար սահմանված կարգը, ինչպես նաև արժեքը տարբեր պատճառներով ամեն տարի փոփոխությունների է ենթարկվում: Այսպես, օրինակ, 2017 թվականի Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած փոթորիկից հետո Կարիբյան երկրներում ներդրումային ծրագիրն ավելի էժան և մատչելի է դարձել: