Անընդունելի է Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրառադիոյին» տված հարցազրույցում, գրում է Belsat-ը:
«Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ` մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուսը զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա:
Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Երևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ: