Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն հայտարարել է, որ իրենց երկրի ոսկու պաշարները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով այսուհետև վերամշակվելու են ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում, փոխանցում է «Ermenihaber»-ը:
«Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերի միջև կնքվել է պայմանագիր։ Նման բան իրականացնում ենք դաշնակիցների հետ։ Ապա պատկերացրեք, եթե մեր ոսկիներն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Շվեյցարիա ուղարկեինք և հանկարծ դրանք այնտեղ մնային, ի՞նչ էր լինելու»,- նշել է նախարարը։
Վերջինս ընդգծել է, որ ոսկու պաշարները վերամշակվելուց հետո հետ են ուղարկվելու Վենեսուելա։
Չի հրապարակվում, թե թուրքական որ ընկերություններում է լինելու վերամշակումը։
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Վենեսուելայում գրանցված մարդու իրավունքների խախտումներից հետո ԱՄՆ-ն անցել էր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։ Վենեսուելայի նախագահն այդ քայլը որակել է որպես պատերազմի հրահրում։