Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսի ընթացքում ղարաբաղյան հարցի շուրջ հնչեցրած կարծիքը:
«Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը: