Հիլարի Քլինթոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` այս շաբաթվա սկզբին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման համար` նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ն կանգնած է «ընկերներին և դաշնակիցներին կորցնելու վտանգի առջև», հայտնում է «Sputnik News»-ը:
2016թ.-ին Դեմոկրատներից նախագահի թեկնածու առաջադրված Քլինթոնը կրկին առաջ է քաշել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցը` նշելով, որ այս հարցում Թրամփի պահվածքն «իսկապես անհանգստացնող է և տագնապալի»:
Քլինթոնը անհանգստություն է հայտնել, թե ինչու Թրամփը հանդես չի եկել ի պաշտպանություն իր երկրի և Պուտինին չի քննադատել ենթադրյալ միջամտության համար:
«Թվում է, որ մեր նախագահին չի էլ հետաքրքրում այդ հարցը: Վլադիմիր Պուտինն ունի հստակ ռազմավարություն: Որպես ՊԱԿ (ԿԳԲ) նախկին աշխատակից նա հմտորեն կարդում է մարդկանց մտքերը և գիտի` ինչպես մանիպուլյացիայի ենթարկել նրանց: Իսկ Թրամփը փորձում է ընկերանալ նրա հետ: Սա տագնապալի է»,- ասել է Քլինթոնը: