Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին նախազգուշացրել է խուսափել Իսլամական Հանրապետության հետ պատերազմից: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը ` հղում կատարելով «IRNA» գործակալությանը, քաղաքական գործիչն այս մասին ասել է կիրակի Թեհրանում կայացած իրանական արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանի հետ խաղաղությունը խաղաղության բանալին է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլոր պատերազմների բանալին»,- հայտարարել է Իրանի նախագահը: «Պետք չէ կրակի հետ խաղալ: Մի՛ խաղացեք կրակի հետ, այլապես կզղջաք»,- ասել է նա՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ռոհանին նաև նշել է, որ Իրանի ժողովուրդը «երբեք ոչ մեկի առջև չի խոնարհվի»:
Ռոհանին նաև քննադատել է Սպիտակ տան սպառնալիքներն Իրանի տնտեսության դեմ՝ հայտարարելով, որ իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել: Նա նշել է, որ Թեհրանի զինանոցում ԱՄՆ սպառնալիքներին պատասխան գործողությունների մի քանի տարբերակներ կան, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի փակումը, որի անվտանգությունը, Ռոհանիի խոսքով, Իրանի ժողովուրդը երաշխավորել է իր ամբողջ պատմության ընթացքում: «Մենք շատ նեղուցներ ունենք, Հորմուզի նեղուցը դրանցից միայն մեկն է»,- հավելել է Իրանի նախագահը: