ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է news.am-ը` հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսությանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:
Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև 2 երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով: