«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար մարտի 30-ից ապրիլի-2-ը անցկացվել է «Բանակցություններ և խաղաղության գործընթացի ճարտարապետություն. Արևմտյան Բալկանների փորձից քաղած դասեր» թեմայով սեմինար-քննարկում:
Սեմինարին հրավիրված փորձագետների համոզմամբ սովորաբար հակամարտություն ունեցող ազգերը մտածում են, որ իրենց հակամարտությունն աշխարհում ամենավատն է: Նրանց կարծիքով սեմինարը հնարավորություն է տալիս ներկայացնելու այլ հակամարտությունների բազմաթիվ օրինակներ և դրանց կարգավորման ուղղությամբ արված կամ արվող քայլերը:
Մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ բավականին հետաքրքիր էին քննարկումներն այդ հակամարտությունների կարգավորման ժամանակ ձևավորված միջազգային իրադրության մասին, հետաքրքիր էր իմանալ այդ հակամարտությունների վրա ուժային կենտրոնների միջև հարաբերությունների ազդեցության վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ միջնորդ լինելը բավականին բարդ առաքելություն է, և որ միջնորդը կարող է տարատեսակ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, նշում են մասնակիցները:
Նրանք վստահություն են հայտնել, որ Արևմտյան Բալկանների փորձի մասին «առաջին ձեռքից»՝ բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաներից, հակամարտող կողմերի ներկայացուցիչներից ստացած խորը և դետալային գիտելիքներն, անկասկած, այս կամ այն չափով հետագայում կկիրառվեն նաև իրենց աշխատանքում:
Նշենք, որ սա ծրագրի արդեն երրորդ սեմինար-քննարկումն է, որն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (Crisis Managemenet Initiative) համագործակցությամբ «Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում։