Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանի (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Սպիտակի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։