Թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է News.am-ը:
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,-նշել է նախարարը:
Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցն ընկալվել է որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն ասել է. «Ես բացի հայտարարություն անելուց, հիմնվում եմ մեր զինված ուժերի ոգու և պատրաստվածության վրա»:
Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Այնտեղ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ չեզոքացնենք այդ գործողությունները»:
Նա հերքել է տեղեկությունները, թե Նախիջևանի ուղղությամբ լարվածությունն աճել է. «Չկա այդպիսի բան, Զինված ուժերն այնպիսի գործողություններ են ձեռնարկել, որ չեզոքացրել են այդ մինչդիրքային տարածության կրճատումը»: