Այս անգամ անոմալ շոգերի պատճառն արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքներն են։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ արդեն 4–5 աստիճանով բարձրացել է, և մինչև հուլիսի 31-ը ներառյալ Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում, Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը կհասնի մինչև + 40, +41 աստիճանի։ Լեռնային մարզերում մոտ 8-10 աստիճանով զով կլինի։
Եթե ջերմաստիճանը 40-ի է մոտենում, ապա արևի տակ պետք է ակնկալել +70, + 75։
Տաք օդային հոսանքները կնահանջեն օգոստոսի 1-ից սկսած»,- ասել է Սուրենյանը։
Անդրադառնալով Սևանի «ծաղկմանը»` Սուրենյանը նշել է, որ Սևանի ջրի ջերմաստիճանն աննախադեպ չէ, այսպիսի վիճակ եղել է նաև 2006-ին։ Իսկ կանաչելու պատճառն այն է, որ տաք ձմռանը հաջորդել է շոգ ամառը, դրա համար Սևանը «ծաղկել» է։ Հնարավոր է այս օրերին լճի ջրի ջերմաստիճանը ևս մեկ աստիճանով բարձրանա։