Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Փայլանը իր «Twitter»-ի էջում մասնավորապես գրել է.
«Հենց ԱՄՆ-ն սպառնաց տնտեսական Էմբարգոյով, հոգևորական Բրանսոնի նկատմամբ սահմանվեց տնային կալանք։ Մեր երկրի համար պատանդների առուծախն ամոթ է»։
Նշենք, որ Բրանսոնը մեղադրվում է «լրտեսություն անելու», ինչպես նաև «գյուլենական համայնքի» և PKK-ի հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում է 35 տարվա ազատարկում։
Հիշեցնենք, որ Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։