Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ և կոնտեքստ չի եղել: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով, հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել. «Սա ասել եմ Ռուսաստանում շփումների ընթացքում և հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաև անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Չի կարող նման բան լինել: Դա ինձ համար անձնական արժանապատվության հարց է»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչ մի բան չի արել և չի անի. «Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Մենք ասել ենք, որ մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության վրա: Այո, Ռուսաստանը գերտերություն է, մենք փոքր երկիր ենք, ու սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարևոր է: Ես ուրախ եմ, որ ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում մեր ռուս գործընկերների կողմից եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Սա նշանակում է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն սկզբունքով հարաբերությունները կառուցում են բոլոր գործընկերների հետ: