Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ նրա հետ կհամաձայնվի ռեստորան գնալ այն ժամանակ, երբ սկսվեն ռուսական մսի առաքումները Թուրքիա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
Յոհանեսբուրգում տեղի ունեցած ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ արագ են զարգանում ռազմական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում, բայց նրանց փոխգործակցությունը նախանձ է առաջացնում մյուս անձանց մոտ։
Պուտինն իր հերթին Թուրքիայի նախագահին հիշեցրել է ռեստորան հրավիրելու մասին։
«Դուք խոստացել եք ինձ ռեստորան հրավիրել», - ասել է Պուտինը։
Էրդողանն ի պատասխան մեկ անգամ էլ է հրավիրել Ռուսաստանի նախագահին։
«Մենք պայմանավորվել ենք, որ երբ մսամթերքը մտնի շուկա, երբ ռեստորանում լինեն մեր մսային ճաշատեսակները, այդ ժամանակ կճաշենք», - կատակով ասել է Պուտինը։
«Ես անհամբեր կսպասեմ ձեր ժամանելուն», - պատասխանել է Էրդողանը։