Կատալոնիայի նախկին ղեկավար, Կատալոնիայի անկախության շարժման առաջնորդ Կառլես Պուչդեմոնը Գերմանիայում ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի վերացումից հետո վերադարձել է Բելգիա, փոխանցում է Euronews-ը:
Բրյուսելի օդանավակայանում նրան դիմավորել են իր քաղաքական դաշնակիցները, այդ թվում և կատալոնյան կառավարության ներկայիս ղեկավար Քիմ Թորրան: Երկու ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել:
“Սա դեռևս ճանապարհի ավարտը չէ: Ես շարունակելու եմ իմ ճանապարհորդությունը Եվրոպայով, հասնելու եմ մեր մայրցամաքի բոլոր անկյունները` պաշտպանելով կատալոնացի ժողովրդի արդար պայքարը ժողովրդավարության, ազատության և ինքնորոշման համար”, - նշել է Պուչդեմոնը:
Պուչդեմոնին Իսպանիային արտահանձնելու` գերմանացի դատավորի հրաժարումը Քիմ Թորրան անվանել է Իսպանիա պետության պարտություն, և կոչ է արել նոր կառավարությանը երկխոսություն սկսել Մադրիդի հետ:
Բելգիայի իշխանություններն ու Եվրահանձնաժողովը հրաժարվում են մեկնաբանել Պուչդեմոնի վերադարձը Բելգիա: