Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին առ այն, որ քաղաքական հետապնդման չեն ենթարկելու նախկին իշխանության անդամներին: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում, չի կարող չանհանգստացնել մեզ` այդ թվում նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել է նա:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստանի ղեկավարությանը: Մենք ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կընթանա կառուցողական ճանապարհով»,- նշել է Լավրովը:
Նրա խոսքերով, այս տարվա մայիսին` Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ, Մոսկվայում «մեծ գոհունակությամբ նշվեց, որ այս ճգնաժամի լուծումը կայացել է առաջատար կուսակցությունների կողմից արված փոխզիջումների հիման վրա»:
«Մենք հույս ունեինք, որ այս արդյունքների հիման վրա բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները, կշարունակեն նպաստել միասնական մոտեցումների առաջխաղացմանը», - ասել է Լավրովը:
«Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝քաղաքական մոտիվներով»,-եզրափակել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: