Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանի Հանրապետությունից, և վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել են ՀՔԾ-ից, հաղորդում է Tert.am-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր կրկին՝ երկրորդ անգամ, դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:
«Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։