Ավելի քան 500 հազար հոգի հանրագիր Է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին ԵՄ հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ: Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր՝ օգոստոսի 2-ին հայտնել Է The Independent թերթը, որն ավելի վաղ հանդես Էր եկել որպես ստորագրահավաքի նախաձեռնող:
Հանրագիրը պաշտպանող կրթության նախկին նախարար Ջասթին Գրինինգը հայտարարել Է, որ խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ եւ նախարարների կաբինետի մի շարք բարձրաստիճան անդամներ համաձայն են, որ նոր քվեարկությունը կարող Է լինել Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ միջոցը: The Independent-ն ընդգծում Է, որ իր արշավին աջակցել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007 թթ.), «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ուինս Քեյբլը և նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել Է Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ամփոփիչ գործարքի շուրջ համաժողովրդական քվեարկություն անցկացնելու գաղափարը: