Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում ձերբակալված 34-ամյա Կարեն Ղազարյանի: Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել է ԿԽՄԿ հայկական պատվիրակության խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը: Այլ տեղեկություններ չի հրապարակել, պարզապես ասել է, որ այցը տեղի է ունեցել օգոստոսին։
«Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին: Համաձայն մեր մանդատի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին, դիտարկելու ազատազրկման պայմանները, նրանց հետ վարվելակերպը նաև օգնելու, որ կապ հաստատեն հարազատների հետ: Կարող եմ հաստատել, որ այց եղել է Կարեն Ղազարյանին»,- ասել է Գոհար Տեր-Հակոբյանը:
Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: