Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին իր դեմ մահափորձին մասնակցության մեջ: Այս մասին հայտնել է անձամբ երկրի ղեկավարը ազգին հղած ուղերձում, որը հեռարձակել է TeleSUR հեռուստաալիքը:
«Ամեն ինչ մատնացույց է անում աջերին, վենեսուելական ուլտրաաջերին՝ կոլումբիական ուլտրաաջերի հետ, եւ այս մահափորձի հետեւում Խուան Մանուել Սանտոսի անունն է»,- ասել է Մադուրոն:
Մադուրոն հրապարակել է չհաջողված մահափորձի որոշ մանրամասներ: «Թռչող սարքը պայթեց իմ դիմաց»,- ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ինքը սկզբում տեղի ունեցածն ընդունել է որպես պիրոտեխնիկայի պայթյուն՝ հանդիսավոր միջոցառման ավարտի առիթով, սակայն հետո գործնականում անմիջապես տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որից հետո սկսվել է իր պաշտպանության եւ տարհանման գործողությունը: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չեն տուժել:
Վենեսուելայի առաջնորդը հավելել է, որ միջադեպի ժամանակ հանգիստ է եղել, քանի որ «լիովին վստահում է ժողովրդին եւ զինված ուժերին»: «Ինձ Աստվածն է պաշտպանում, այդ պատճառով ես ողջ եմ եւ հաղթում եմ»,- ասել է Մադուրոն: