Եվրահանձնաժողովը մտադիր է սեպտեմբերին հրապարակել ԵՄ անդամ երկրների կողմից քաղաքացիության տրամադրման վերաբերյալ նոր նորմերը: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Spiegel-ին:
Նա ԵՄ երկրներին ավելի մեծ զսպվածության կոչ է արել երրորդ երկրներից անձանց քաղաքացիության տրամադրման ժամանակ:
«Եվրահանձնաժողովը մեծ անհանգստությամբ հետևում է, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» հետ կապված իրավիճակի զարգացմանը»,- ասել է Յուրովան:
Եվրահանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին աճել է ԵՄ երկրների անձնագրերի թիվը, որոնք ստացվել են բացառապես երկրի տնտեսությունում իրականացված ներդրումների հիման վրա կամ թանկ անշարժ գույք ձեռք բերելու արդյունքում:
Յուրովան հիշատակել է Կիպրոսը, Մալթան և Հունաստանը, որոնք կեցության շատ երկարաժամկետ թույլտվություններ (այսպես կոչված՝ «ոսկե վիզաներ») կամ լիարժեք քաղաքացիություն են տրամադրում Չինաստանի, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ անդամ այլ երկրների քաղաքացիներին: