Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով վերջին շրջանի աղմկահարույց քրեական գործերը:
«Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի առնչությամբ էապես կարևորվում է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը»,- ասել է նա:
Հարցին՝ որն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դեսպանը նշել է, որ իրենց ոգեւորում է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը. «Կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը ոգևորում են մեզ: Մենք վաղուց ի վեր աջակցել ենք դատաիրավական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ապահովել դատական անկախություն, որպեսզի ամրապնդվի իրավունքի գերակայությունը և ապահովվի խաղի հավասար պայմաններ բոլորի համար: Հայաստանի գրավչությունը օտարերկրյա ներդրումների տեսանկյունից գնահատելիս ամերիկյան ներդրողները նաև համակ ուշադրությամբ դիտարկում են, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերվում օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ Լիդիանին: Հավատացած ենք, որ կառավարությունը հավատարիմ կմնա արդար մրցակցության սկզբունքներին»: