Ճնշումը, որի հետ այսօր Թուրքիան բախվում է որոշ «արտաքին ուժերի» արձագանքն է «Անկարայի անկախ քաղաքականությանը»: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում թուրք դեսպանների 10-րդ համաժողովին, փոխանցում է «Անադոլուն»:
Նրա խոսքով՝ գործընթացները, որոնք Թուրքիան այսօր վերապրում է, ոչ մի ընդհանուր բան չունեն 1994, 2001 եւ 2007 թվականների տնտեսական ճգնաժամի հետ: Երկիրը բախվել է միանգամայն այլ իրավիճակի հետ: Նրա կարծիքով՝ «տնտեսական ոլորտում մանիպուլյացիաների եւ ահաբեկիչների ակտիվացման հետեւում Անկարայի կամքը կոտրելու եւ նրան ազգային շահերի պաշտպանությունից հրաժարվել ստիպելու ցանկությունն է»:
«Իրենց «աշխարհի տիրակալներ» համարող երկրները իրավունք չունեն ոտնձգություն կատարել ձեռքբերումների վրա, որոնց համար Թուրքիան ստիպված է եղել թանկ վճարել: Թուրքիան առողջ եւ հզոր տնտեսություն ունի: Թուրքիայի ՀՆԱ-ն շարունակում է աճել»,- կարծում է Էրդողանը: