ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մարտի մեկի գործով հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այդ գործին։ «Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- հայտարարեց Սասուն խաչատրյանը։
Թե երբ են նախատեսում կանչել նրան հարցաքննության, ՀՔԾ պետն ասաց․ «Դա արդեն քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է քննիչը՝ ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից։ Քննիչն է որոշում, թե ում, երբ և ինչ հարցերի շուրջ հարցաքննի։
Դա քննության տակտիկա է, և պետք է քննիչին թողնել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննութունն ինքնին ինքնանպատակ չէ», - հաղորդում է Hraparak-ը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի որոշմամբ ազատ արձակմանը, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ դատախազությունը Վճռաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը։
Հարցին՝ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, Խաչատրյանն ասաց, որ չի կարծում, թե Քոչարյանը կփորձի նման բան անել։ Բայց և նշեց, որ այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, այսիքն՝ նա կարող է ազատ լքել երկիրը։Բայց, եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»։