Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն արձակուրդի ավարտից հետո կվերադառնա Հայաստան և կմասնակցի դատավարական գործընթացներին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վերջինիս պաշտպան Նարեկ Ավոյանը` հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է դրա մասին և արձակուրդից շուտ վերադառնալու և դատավարական գործողություններին մասնակցելու պահանջ չի ներկայացրել իրենց:
Ասուլիսին ներկա Ֆարմանյանի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանն, իր հեթին նշեց, որ ինչպես տիկին Ֆարմանյանն, այնպես էլ իրենք տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների մասին, ուստի քննությունից խուսափելու մասին խոսք լինել չի կարող:
«Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան։ Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը եղել է ամենամյա արձակուրդում՝ ՀՀ-ից դուրս։ ԱՆահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,- հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ տարածված հաղորդագրությունների միջոցով փորձվել է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Խուդոյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումն իրավական չի համարում: «Սա կարող է լինել անձնական, քաղաքական կամ այլ հետապնդում, բայց իրավական չէ»,- նշեց Խուդոյանը:
Պաշտպանները նաև հայտնել են, որ մինչև Անահիտ Ֆարմանյանի արձակուրդից վերադառնալն իրենք նախապես բողոքարկելու են ինչպես կալանավորման, այնպես էլ իրենց պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու մասին որոշումները։