Չի կարելի կալանավորվածների լուսանկարները հրապարակել, դա նրանց իրավունքների խախտում է։ Այս մասին այսօր կառավարությունում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ելույթ ունենալով պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են, հետո այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել: Սա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում», - նշել է Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք` երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը։