2018 թվականի առաջին կեսին Գերմանիայի առևտրային հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դինամիկ կերպով զարգանում են, հաղորդում է DW-ն։
Երեք հարավկովկասյան հանրապետությունների հետ առևտրի ծավալը աճել է 17.1 %-ով՝ հասնելով 1.2 միլիարդ եվրոյի, հաղորդում է գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեն:
Առավել շատ՝ 41 %-ով, մինչև 171 մլն եվրո աճել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: «Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Երևանում 2018 թվականի գարնանը, կարծես թե, նպաստում են տնտեսության դինամիկ զարգացմանը»,-նշում է Արևելյան կոմիտեն:
Նախորդ տարի Ադրբեջանի հետ առևտրի կրճատումից հետո այս տարի աշխուժացում է նկատվում։ 2018 թվականի առաջին կեսին Գերմանիան Ադրբեջանից ներմուծել է 10.8 տոկոսով ավելին, իսկ այդ երկրում գերմանական արտադրանքի արտահանումը աճել է 44 տոկոսով: Միևնույն ժամանակ, Վրաստանի հետ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,5 տոկոսով: