Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին 1.2 միլիարդ եվրոյի վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է:
«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն և ներկայացնեն եվրոպական արժեքներ և բերեն տևական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը: Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:
«Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը: