Եվրոպան պետք է արձագանքի Ռուսաստանի, Չինաստանի և այլ կարևոր տնտեսական գործընկերների հանդեպ Վաշինգթոնի պատժամիջոցային քաղաքականությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Բեռլինում դեսպանների կոնֆերանսի բացմանը, փոխանցում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:
Մաասը նշել է նաև, որ ԱՄՆ-ի` Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին Եվրոպայի արագ արձագանքի շնորհիվ է, որ հաջողվեց խուսափել ավելի լուրջ էսկալացիայից: Մաասի խոսքով “դա քիչ չէ, եթե մտածենք, թե ինչը կարող էր դառնալ այլընտրանքը` միջուկային մրցավազք` Մերձավոր Արևելքում կանխատեսելի ավերիչ հետևանքներով”:
Ավելի վաղ Մաասը հայտարարել էր, որ Գերմանիայի ԱԳՆ-ն կվերանայի Գերմանիայի արտաքին քաղաքական ռազմավարությունն ԱՄՆ-ի ուղղությամբ: Նա ասել էր նաև, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան երկար տարիների ընթացքում սկսել են հեռանալ միմյանցից, իսկ շահերի ու արժեքների ընդհանրությունը` զրոյանալ: Մաասն առաջարկել է Վաշինգթոնի հետ նոր փոխհարաբերությունների հիմքում դնել հավասարակշռված համագործակցության գաղափարը, իսկ որպես գերմանական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ՝ ուժեղ և անկախ Եվրոպան: