Ազգային ժողովը թույլ չի տա, որ որևէ մեկը՝ լինի դատական իշխանություն, թե գործադիր իշխանություն, մատ թափ տա Ազգային ժողովի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին կայացած հանդիպմանը նա ասել է. «Ամենակարևորը՝ ֆիքսվեց շատ կարևոր բան. Նախ, Հայաստանում բազմակարծությունը, այլակարծությունն ու խոսքի ազատությունն աներկբա փաստ է, երկրորդ, դատական համակարգը, օրենսդիր և գործադիր համակարգերը իշխանության առանձին ճյուղեր են և որևէ մեկը չի կարող մտնել մյուսի ֆունկցիայի մեջ: Սա Սահմանադրությամբ է սահմանված: Երրորդ, սահմանադրական փոփոխությունների հարցը կքննարկենք, կխոսենք, և եթե պետք է դա լինի, կարելի է քննարկել նաև հանրաքվեով գնալու տարբերակը: Սրանք տարբերակներ են, ես միշտ էլ մտածել եմ, որ իմ կարծիքը չպետք է բոլորի համար դոգմա լինի»,-ասել է Շարմազանովը:
Հարցին, թե ԱԺ-ն կհամաձայնի՞ վարչապետի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որից հետո կգնա ինքնալուծարման, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Ես Փաշինյանի ելույթին արձագանքել եմ և շատ խիստ քննադատել եմ, որ այն ամենը, որի համար Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին, որ մենք իշխանությունը պահելու, աթոռը պահելու համար սահմանադրական փոփոխությունների ենք գնում, հիմա ինքը գնում է նույն ճանապարհով: Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի: Մենք կուսակցությունում չենք քննարկել: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, որ դեմ եմ դրան, բայց կքննարկենք: Այնպես չէ, որ իմ կարծիքը ՀՀԿ-ում միակն է»:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք կարող են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը և անցկացնել արտահերթ ընտրությունները: