«Անվտանգության և պաշտպանության եվրոպական համակարգի ճարտարապետությունը վերանայման կարիք ունի», - երեկ դեսպանների` Փարիզի արտաքին քաղաքականությանը նվիրված ամենամյա հանդիպման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը: Այս մասին հայտնում է Euronews-ը: Մակրոնը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձեռնարկվող միջոցները «իզոլյացիոնիստական» են և հայտարարել է, որ առաջիկա ամիսներին մտադիր է ներկայացնել եվրոպական անվտանգության ամրապնդման նախագիծ՝ հիմնված ԵՄ բոլոր անդամների համախմբվածության վրա:
«Եվրոպան իր անվտանգության ապահովման հարցում այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Այսօր մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք և երաշխավորենք մեր սեփական անվտանգությունը, հետևաբար՝ նաև եվրոպական ինքնիշխանությունը»,- նշել է Մակրոնը և հավելել, որ անվտանգության խնդիրներով անհրաժեշտ է սկսել նոր երկխոսություն բոլոր գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ: