Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ, հայտնում է Ermenihaber-ը:
Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ:
Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում:
Աղբյուրը նշում է, որ Վանում ամբողջությամբ սպառվել է հյուրանոցների ամրագրման հնարավորությունը: Վան են այցելելու, թե' ներքին տուրիզմով հետաքրքրվողները և թե' արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնավորպես Հայաստանից և Իրանից: