Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումն այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փոխանցում է News.am-ը:
«Դեռ մինչև կառավարության ծրագրի հաստատումը ես քաղաքական հայտարարություն եմ արել՝ առաջարկելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումն ընդգրկել որպես կառավարության ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը ոչ միայն դա չարեց, այլև մինչ այսօր գործուն քայլեր համաձայնագրի իրականացման հետ կապված չեն ձեռնարկվել»,- ընդգծել է Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է: