Իսրայելի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ՝ անօդաչուների ցուցադրման ժամանակ Ադրբեջանի խնդրանքով հայ զինվորներին Արցախում ռմբակոծելու համար: Այս մասին հայտնում է ''The Times of Israel''-ը:
Նշվում է, որ ընկերության պաշտոնյաները 20 մլն դոլարի պայմանագիր էին կնքել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք խնդրել էին ընկերությանը ցուցադրել Orbiter 1K դրոնի կարողություններն՝ օգտագործելով այն հայ զինվորների դեմ:
Տարբեր ԶԼՄ-ների փոխանցմամբ, իսրայելյան ընկերության երկու աշխատակից հրաժարվել է դա անել, սակայն, այնուամենայնիվ, ընկերության երկու բարձրաստիճան ներկայացուցիչ վերջիվերջո համաձայնել է:
Ինչպես նշել է գեներալ Արմեն Գյոզալյանը, 2016-ի հուլիսի 7-ին նման փորձարկման արդյունքում 2 հայ զինվոր է վիրավորվել:
Քննությունն ընկերության դեմ սկսվել է 2017-ի սեպտեմբերին այն բանից հետո, երբ 2017-ի օգոստոսին իսրայելյան ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ընկերության աշխատակիցներն ադրբեջանցի զինվորականների խնդրանքով հարված են հասցրել Ղարաբաղի հայկական դիրքերին: