Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամրագրել են երկկողմ հարաբերությունների գերակա ուղղությունները՝ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն ստորագրելով։
Ըստ փաստաթղթի, երկու ղեկավարները հաստատել են հավատարմությունը երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը գործող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի սկզբունքների հիման վրա։ Մտադրություն են հայտնել որակական նոր մակարդակի դուրս բերել առևտրա-տնտեսական հարաբերությունները և այլն։
Առանձնացվել են համագործակցության խորացման հետևյալ գերակա ուղղությունները․
- առավել նպաստավոր պայմանների ստեղծում առևտրի ոլորտում փոխշահավետ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման համար,
- միջազգային տրանսպորտային միջանցքների ռուս-ադրբեջանական հատվածների տրանզիտային պոտենցիալի մեծացում՝ ինտելեկտուալ տեխնոլոգիաների կիրառմամբ,
- համատեղ արտադրությունների հիմնում ազգային տնտեսությունների հեռանկարային ոլորտներում և արտահանման համար,
- պետական կառավարման ոլորտում նորարարական մոտեցումների ներդրում, այդ թվում՝ ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրում բյուջետա-հարկային ոլորտում, փորձի փոխանակում,
- համագործակցության ընդլայնում հումանիտար ոլորտում՝ ներառյալ երիտասարդական քաղաքականությունը, կրթությունը, սպորտը և տուրիզմը։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում։