Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նշում Է իր պաշտոնական գրանցման 20-ամյակը: Այդ ընթացքում Google-ը ոչ մեծ ֆիրմայից վերածվել Է անդրազգային կորպորացիայի, որը գործում Է մի ամբողջ շարք տեխնոլոգիական ճյուղերում:
Google որոնողական համակարգի պատմությունը սկիզբ Է առնում 1996 թվականից, երբ Սթենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիայի նահանգ) երկու ուսանողներ՝ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, գործարկեցին գիտահետազոտական նախագիծը: Փեյջը եւ Բրինն իրենց ստեղծած համակարգն անվանեցին BackRub, որն այնուհետեւ վերանվանեցին Google:
Google դոմենային անունը գրանցվել Է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին: Ընկերությունն ինքը որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին: Բազմաթիվ մասնագետներ հակված են հենց այս ամսաթիվը համարել ընկերության հիմնադրման օրը, թեեւ Google-ում այլ կերպ են կարծում:
Կորպորացիայի պաշտոնական կայքում նշվում Է, որ Google-ի ծննդյան օրը տոնվում Է սեպտեմբերի 27-ին, բայց թե ինչու Է ընտրված այդ ամսաթիվը, չի պարզաբանվում:
2013 թվականին Google-ը հերթական տարեդարձի կապակցությամբ իր բլոգում հրապարակել Էր հաղորդագրություն, որում խոստովանում Էր, որ նույնիսկ իր աշխատակիցները միակարծիք չեն, թե որ ամսաթիվը պետք Է համարել ընկերության ծննդյան պաշտոնական օրը: