Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:
Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը: