Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հագգը Փեքինը` մեկնաբանելով թուրքական «Սյոզջու» թերթի հրապարակած տեղեկությունն առ այն, որ Անկարան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանում։
Նրա խոսքով առանց ռազմաբազա ստեղծելու էլ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում Նախիջևանում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ կորպուսին:
«Այնտեղ են գտնվում մեր ռազմական խորհրդատուները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջևանի սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ուժերի հետ։ Երբ Ադրբեջանից անհնար է վառելիք ուղարկել Նախիջևանի զորքի համար, Թուրքիան վառելիքով ապահովում է ինքնավարության ռազմական ուժերին»,- ասել է Փեքինը «Թուրան» գործակալության հետ զրույցում, հաղորդում է Tert.am-ը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նախիջևանում թուրքական բազայի հայտնվելը կասկածներ կառաջացնի Իրանի մոտ։
«Նախիջևանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային։ Հարևանությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայի հայտնվելը կարող է Իրանի մոտ որոշակի լարվածություն առաջացնել։ Եվ ընդհանրապես, Նախիջևանում բազա ստեղծելու որևէ իմաստ չկա, քանի որ Թուրքիան առանց դրա էլ ինքնավարությանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում։ Այժմ դիտարկվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից-Tert.am) ծովային ռազմաբազա ստեղծելու հարցը։ Մենք պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք դրա վրա»,- ասել է նա։