Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյանների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյոք դրանք ճնշում չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ եւ միջամտություն մեր երկրի ներքին գործերին, հաղորդում է News.am-ը:
«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կարեւոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության եւ պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց Միլսը: