Զինված ուժերում ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների մոտ թույլատրվող հեռախոսները պետք է ունենան սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ զինվորներին հնարավորություն կտրվի օգտվել բջջային հեռախոսներից, արդյոք այդ հարցում կա՞ն որոշակի սպառնալիքներ, Գաբրիել Բալայանը պատասխանել է.
«Մինչև հրամանը պաշտպանության նախարարին ներկայացվելը բավական լուրջ փորձաքննություն է անցնում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների կողմից: Ձեր կողմից մատնանշած բոլոր ռիսկերը գնահատվում են՝ նախքան պաշտպանության նախարարին այն ստորագրման ներկայացվելը:
Այդ հեռախոսները պետք է ունենան սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ, որը թույլ կտա պարզապես շփվել հարազատների հետ»:
Նրա խոսքով, տեսանկարահանման կամ լուսաանկարելու հնարավորություն ունեցող հեռախոսներ թույլ տալը զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառողներին մեծ ռիսկեր է պարունակում. «Դրանք կարող են բացահայտել օրենքով սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկություններ:
Որոշակի տեղեկատվություն կա, որը հնարավոր է բացահայտել, եթե այդ հեռախոսները գտնվեն շարքային կազմի զինծառայողների մոտ: Օրինակ կարող են, նկարահանել զինվորական մասի տարածքը, հրապարակել մարտական դիրքեր և այլն»: