Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելոն հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին մեղադրանք է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լիազորությունները գերազանցելու առնչությամբ, հայտնում է ТАСС-ը:
Հայցորդների կարծիքով, ԱՄՀ-ի հետ պայմանավորվածության ձեռքբերումը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ այն հավանություն չէր արժանացել խորհրդարանի կողմից, և կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը: Որպես նախազգուշական միջոց դատախազն առաջարկել է դատարանին կասեցնել համաձայնագրի գործողությունը:
Մայիսի 8-ին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին պեսոյի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին ԱՄՀ-ից օգնություն էր խնդրել: Հունիսին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը համավանություն էր տվել Արգենտինային երեք տարվա ընթացքում 50 մլրդ դոլար գումարի վարկ տրամադրելու համաձայնագրին, որից 15 մլրդ դոլարը երկրին հասանելի Էր դարձել անմիջապես: