Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կարող է ԵՄ արժեքներն ու ժողովրդավարական սկզբունքերը չպահպանելու համար Հունգարիայի ղեկավարությանը դատապարտող բանաձև ընդունել, փոխանցում է Euronews-ը: Նիդեռլանդներից պատգամավոր Ջուդիթ Սարջենթինին իր զեկույցում կոչ է անում զրկել Հունգարիային ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում` Միության պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն:
«Կարծում եմ` քվեարկությունը բարդ կլինի, չէ՞ որ բանաձևի ընդունման համար պահանջվում է 2/3-ի ձայները: Սակայն ես գիտեմ, որ օրենսդիրների մեծամասնությունը համակարծիք է իմ զեկույցի հետ, որը համաձայնեցվել է քաղաքացիական ազատությունների կոմիտեի հետ: Պետք է հստակ հայտարարել` Բուդապեշտը ոչ ճիշտ ուղով է գնում, Հունգարիայի քաղաքացիները, ինչպես և բոլոր այլ եվրոպացիները, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրավունք ունեն», նշում է Սարջենթինին:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն Սարջենթինիի զեկույցն անվանել է ստով լի: Բուդապեշտը պնդում է, որ Եվրախորհրդարանի ձախ ուժերը փորձում են պատժել Օրբանին միգրանտներին չընդունելու համար: