Աբխազիայում տեղի ունեցած ավոտվթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան, հայտնում է Ինտերֆաքսը՝ մանրամասնելով, որ ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Գագուլիան Սիրիայում էր գտնվում պետական այցով:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, եղել է թմրանյութի ազդեցության տակ: Հայտնի է, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն՝ նրա օրգանիզմում ալկոհոլ չի հայտանբերվել, սակայն թմրանյութ է եղել:
Հիշեցնենք, որ Գենադի Գագուլիան ծնվել է 1948թ. հունվարի 4-ին: 1995-1997 և 2002-2003թթ.-ին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ: 2003-2004թթ.-ին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա վարչապետի պաշտոնում է նշանակվել 2018թ.: