Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել:
«Ես փորձում եմ այդ հարցում լինել շատ կոռեկտ և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: Հանդիպման մասին մենք կհայտարարենք (խմբ.- Ադրբեջանի հետ) համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը ներգրավված է բանակցային գործընթացում: «Մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին»,- ասել է Մնացականյանը: